Рубрика: Պատմություն

Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը և արցախահայությունը 19–րդ դարի երկրորդ կեսին

Related image
19–րդ դարի երկրորդ կեսին, երբ արևելահայությունը Ռուսաստանի կազմում ուներ տնտեսական և մշակութային կյանքի ու, մանավանդ, ֆիզիկական գոյության համար անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ, հայ ժողովուրդի մյուս ստվար հատվածը (քննարկվող ժամանակահատվածում աշխարհի շուրջ հինգ միլիոն հայերից մոտ երեք միլիոնը գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ)՝ արևմտահայությունը տակավին գալարվում էր թուրքական անագորույն լծի տակ։

Արևմտահայության վիճակը առավել ծանրացավ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո։

Բեռլինի վեհաժողովից հետո Թուրքիան փաստորեն վերածվեց ասիական պետության և հերթականությամբ կորցնում էր ինչպես եվրոպական, այնպես էլ աֆրիկյան նահանգները։ Ակնառու լինելով նման իրավիճակին, Ռուսաստանի գերագահության տակ ապրող թուրք-թաթարական ժողովուրդների մեջ նոր երազներ սնուցվեցին։ Նրանք այժմ բացահայտորեն դիմում էին «մեծ խալիֆին», առաջարկում Եվրոպայից հայացքը թեքել դեպի Փոքր Ասիա և, գլխավորելով թուրանական շարժումը, այնտեղ ստեղծել մահմեդական մի նոր հզոր պետություն, որի շոշափուկները պիտի տարածվեին մինչև Միջին Ասիա ու Աֆղանստան, դրանց վրայով՝ նաև Պակիստան ու Հնդկաստան։

Ռուս-թուրքական հերթական հակամարտություների բովում, Կովկասի թուրքալեզու ժողովուրդներին Համիդի շուրջն համախմբելու, Ասիայում թուրքական ընդարձակ պետություն ստեղծելու ծրագրերն իրողության վերածելու ճանապարհին օսմանյան կայսրության, պանթյուրքիստների առաջ իբրև զորեղ խոչընդոտ՝ հասակով մեկ կանգնում էր Հայաստանը։

Բեռլինի վեհաժողովից հետո հայ-թուրքական հարաբերու­թյունների սրմանը պատճառ էր դառնում նաև ռուսական վտանգը, որը հավերժորեն կախված էր Թուրքիայի գլխին՝ հայկական բարե­նորոգումների պատրվակով։

Ելնելով դրանից թուրքական պետական գործիչները հետևողականորեն կենսագործում էին մի զարհուրելի ծրագիր, որի նպատակն էր բնաջնջել արևմտահայությանը։ Մեծ վեզիրը՝ Քյամալ փաշան, արդեն 1878թ. ցեղասպանությունը հռչակում է պետական քաղաքականություն. «Եթե Եվրոպայի մեջ մեր ծոցը օձ սնուցինք, պետք չէ, որ նույն դիմադրությունները ընենք մեր ասիական Տաճկաստանի մեջ, խելոքութիւնը բնաջնջել-վերացնելն է այն ամէն տարրերը, որ օր մը կրնան մեզ նույն վտանգը ծնանել…: Ուրեմն, հայ ազգը վերացնելու, անհետ անելու ենք․․․»։ Փաստորեն հայ­կական հարցի լուծման թուրքական եղանակը հայերի ֆիզիկական ոչնչացումն էր։

Եվ պատահական չէ, որ սուլթանական կառավարությունը 1870-ական թթ. վերջերից կտրուկ կերպով փոխեց Արևմտյան Հայաստանում իր գաղութակալ քաղաքականության վարման մեթոդները։ Նրա վարչական և ժողովրդագրական քաղաքականությունը ստանում է նոր բովանդակություն՝ արդյունքում ունենալով Արևմտյան Հայաստանի բնակչության ընդհանուր թվաքանակում մահմեդա­կան բնակչության տոկոսային հարաբերությունն արհեստականորեն մեծացնելու միտում։ Այդ նպատակի համար նա երկար տարի­ների ընթացքում դիմում էր բոլոր հնարավոր և անհնար միջոցներին։

Սուլթան Համիդի՝ 1880թ. օգոստոսի 30-ի հրամանագրով հայ­կական թերթերին և պաշտոնական գրությունների հեղինակներին արգելվեց Հայաստան, իրավունք, ազատություն, հերոսություն, բռ­նակալություն, թագավոր և այլ բառերի օգտագործումը։ Թուրք գրաքննիչները Հ տառով սկսվող բոլոր բառերը թարգմանել էին տալիս, կասկածելով, թե արդյոք Հայաստան չի գրված։

Քիմիայի դասագրքից հանեցին ջրի ֆորմուլան, պատճառաբանելով, թե այն նշանակում է Համիդ երկրորդը հավասար է զրոյի։

Զգալով, որ հայ մտավորականությունն արդեն սերտ աճել է իր ժողովրդին և փորձեր է անում դիմագրավելու արևմտահայության նկատմամբ նյութվող դիվային ծրագրերի կենսագործմանը, Համիդն անցավ գրողների, հրապարակախոսների, քաղաքական ու կրոնական գրծիչների զանգվածային բանտարկության ու աքսորի։ Դիարբեքիրը դարձավ հայ և բուլղար քաղաքական կալանավորնե­րի նստավայր։ Սահմանվեցին բանտարկյալների մարմնական այնպիսի պատիժներ, որոնց նախադեպը չկա մարդկության պատմության մեջ:

Սուլթանիզմը հակահայկական քաղաքականությունն իրագոր­ծում էր կանոնավոր բանակի, քրդական «Համիդիե» ջոկատների, ոստիկանության և հասարակության տականք բաշիբոզուկների ձեռքերով, որոնք կողոպտում ու կոտորում էին խաղաղ, անմեղ ու անզեն բնակչությանը, հրկիզում գյուղերը։ Կոտորածներին մաս­նակցելու համար յուրաքանչյուր խուժանի խոստացել էին օրական վճարել 20 ղուրուշ, թալանի միջոցով միշտ հարստանալու հնարավորություն և չպատժել կատարած հանցանքի համար։

Փաշաներն ու բեկերը գյուղացիներին գնում ու վաճառում էին հողի հետ, որոնց անվանում էին զեռ-կուրի (ոսկով գնվածներ)։ Հայ գյուղացիները պետությանը վճարում էին հարկ, փաշաներին ու բե­կերին տալիս տուրք, նրանց հարկադրում էին կատարել նաև կոռային աշխատանք։ Երբեմն ծնողները հարկադրված երեխաներրի մի մասը վաճառում էին՝ մյուս մասի կյանքը փրկելու համար։

Արևմտահայության գլխին իսկական պատուհաս էին մուհաջերները՝ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռազմաճակատներից Հայաստան փոխադրված մահմեդականները, որոնք օգտվելով կառավարության հովանավորությունից, կողոպտում էին հայերին, բռնագրավում հողերը, հափշտակում բերքը, քշում անասունները, դիմադրողներին գնդակահարում, անգամ վրեժխնդիր լինում պատերազմում կորցրած իրենց հարազատների համար։

Բարձր դռան գաղտնի հրահանգով 1887թ. հուլիսի 26-ին հրդեհվեց Զեյթունի 1000 տուն։ Օգոստոսի 27-ին Կ. Պոլսի հայաբնակ Սկյութար թաղամասում այրվեց հայերի 1200 տուն։ 1888թ. ապրի­լին հրո ճարակ դարձավ Մարաշը։

Հայ բնակչությունը հարկադրված գաղթում էր օտար երկրներ։ Խրիմյան Հայրիկը լակոնիկ ոճով գրում է. «Ո′չ հայ, ո′չ Հայաստան»։ Հայ ազատագրական շարժման ալիքը բարձրանում էր որպես պատասխան այն կեղեքումների, որոնց ենթարկվում էր արևմտա­հայությունը։ Տվյալ ժամանակահատվածում ծանր հիասթափու­թյունից ու տևական որոնումներից հետո, արդեն մշակվում է պայ­քարի ուրույն զաղափարաբանություն, նոր որակ է ձեռք բերում հայ հեղափոխական-քաղաքական միտքը։ «Երկիր» վերամկրտված Արևմտյան Հայաստանը զորեղ մագնիսի նման դեպի իրեն է ձգում աշխարհի բոլոր ծագերում սփռված հայ երիտասարդությանը։ Իբրև այդ ամենի զարգացման բարձրակետ, ձևավորվում են հայոց ազգային-քաղաքական երեք կուսակցություններ, որոնք, տարընթացություններով հանդերձ, շարունակում են գործել մինչև օրս։

Հայ ազատագրական շարժման վերընթացը, մասնավորապես՝ Բեռլինի վեհաժողովի դասերը, բալկանյան ժողովուրդների ազատագրության պատմական փորձը, հայ քաղաքական կուսակ­ցությունների հանդես գալը հանգեցրին այն բանին, որ հայ ազատագրական շարժումները 19-րդ դարի 80-ական թթ. թևակոխեցին նոր շրջան։

Այս փուլի ամենաբնորոշ գիծն այն էր, որ համաժողովրդական մաքառման ընդերքում գնալով հավաքական գիտակցություն էր դառնում այն գաղափարը, թե զուտ աղերսագրերով և մուրալով հնարավոր չէ ձեռք բերել ազատություն, գլխավորը դիմադրության սեփական պաշարներին ապավինելն է։ Խրիմյան Հայրիկի թղթե շե­րեփի պատմությունն արդեն նման գաղափարի լավագույն բանաձևումն էր և գործնական պայքարի անցնելու կոչը։

Թուրքական յաթաղանի դեմ արևմտահայության ինքնապաշտպանական պայքարում մեծ տեղ է գրավում ֆիդայական շարժումը։ Հայդուկական շարժումները Արևմտյան Հայաստանում առաջացան տարերայնորեն, կուսակցությունների երևան գալուց դեռ առաջ։ Արևմտյան Հայաստանի հայդուկային պայքարի ավանգարդում կանգնեցին տեղացի ֆիդայիները, արևմտահայության ծոցից դուրս եկած, նրա կյանքով ու շնչով ապրող Արաբոն, Սերոբ Վարդանյանը (Աղբյուր Սերոբ, Սերոբ փաշա),Արմենակ Ղազարյանը (Հրայր, Ուրվական,Դժոխք), Անդրանիկ Օզանյանը (Անդրանիկ), Գևորգ Արամյանը (Գևորգ Չաուշ)։ Նրանք տոն տվեցին հայդուկային շարժմանը և անջնջելի էջեր գրեցին մեր պատմության մեջ։ Հայ երիտասարդությունը, դառնացած լինելով օսմանյան վարչակար­գից՝ ծառանում էր նրա դեմ, մտնում հայդուկային խմբերի մեջ։ Րաֆֆին այդ պայքարը բնորոշում էր, որպես մարդկային բոլոր իրավունքները կորցրած ժողովրդի բողոք, որպես ստրուկի ըմբոստացում իշխող բարբարոսության դեմ։

Արցախահայությունը նույնպես չեր կարող անտարբեր մնալ արևմտահայության ծանր կացության և մաքառումների նկատմամբ։ Արյան կանչը ոտքի հանեց տասնյակ արցախցի ֆիդայինե­րի, որոնք իրենց կյանքը չխնայելով, օգնության ձեռք էին մեկնում իրենց եղբայրներին, նրանց զենք և օգնական ուժ հասցնում, աշխարհազոր հավաքագրում։

Դեպի Երկիր համարձակ առաջին ձեռնարկումը իրականացրեց ծննդով Նուխի գավառի Նիժ գյուղից Սարդիս Կուկունյանը։ Նա Մանթաշյանից և Ծատուրյանից ստացած 5000 ռուբլի նվիրատվու­թյամբ ձեռք բերելով զենք ու զինամթերք, շուրջ 100 հոգուց կազմված ջոկատով, հիմնականում արևելահայեր, այդ թվում՝ արցախահայեր սղնախեցի Կոնստանտին Լիսինյանը, բարսումեցի Եփրեմ Գավթյանը, շուշեցի Հովհաննես Մարգարյանը։ 1890թ. սեպտեմբերի վերջին անցան սահմանը։ Ջոկատը սահմանագլխին հանդիպում է թուրքական, քրդական և ռուսական զինված ուժերի հետ։ Անհավասար մարտում ֆիդայիներից 6 հոգի զոհվում են, իսկ մնացածներն էլ հանձնվում են ռուս սահմանապահներին։

26 հոգու ձերբակալեցին Կաղզվանի բանտում։ Ս. Կուկունյանն աքսորվում է Սախալին, որտեղ մնում է 15 տարի։

1906թ. նա վերադարձավ հայրենիք։ Երբ պատրաստվում էր սահմանն անցնել վերստին ձերբակալվեց, որպես մեծագույն պատիժ փոխադրվեց Օրյոլ քաղաքի բանտը, որտեղ նետվում էին ամենավտանգավոր քաղաքական հանցավորները։ Այստեղ ծանր հիվանդացավ և չարաչար տանջանքների մեջ մեռավ այդ սքանչելի հայը, որը մարմնացած սեր էր, գաղափար ու զոհություն և որը եղավ հայոց ազատագրության մեծագույն նահատակներից մեկը։

Ռազմական տեսանկյունից Կուկունյանի արշավանքը կատարյալ ձախողություն եղավ։ Հակառակ դրան նրա թողած տպավորությունը հանրային մտքի վրա շատ մեծ էր։ Այն մարտակոչ էր խոր թմբիռից արթնացող հայության համար։ Իրավացի է Ս.Վրացյանը. «Ս. Կուկունյանով հայ ազատագրական պայքարի պատմության մեջ բացվում է մի նոր շրջան, որի ներկայացուցիչն ու դրոշակակիրը եղավ ՀՅ Դաշնակցությունը։

Հետագայում Կուկունյանի արշավանքի հերոսներից մեկը՝ Եփրեմ խան Դավթյանը Արցախի Բարսում գյուղից ՀՅԴ որոշմամբ մասնակցեց 1908-1911թթ. պարսկական հեղափոխությանը։ Նա գլ­խավորում էր Պարսկաստանի հեղափոխական զինված ուժերն ու ոստիկանությունը։

1890-ական թվականների կեսերից հայդուկային շարժումներն Արևմտյան Հայաստանում հատկանշվեցին վերելքով։ Երկիր մտան նոր խմբեր, որոնք կազմակերպվում և ուղարկվում էին հայ քաղաքական կուսակցությունների, գերազանցապես դաշնակցականների կողմից։

Հայ ազգային ազատագրական պայքարի հերոսական և ոգեկո­չող դրվագներից է Խանասորի արշավանքը, որի կազմակերպիչն ու ջատագովը դարձավ ծննդով Խաչեն գավառի Ղշլաղ գյուղից Նիկողայոս Տեր Հովհաննիսյանը(Նիկոլ Դուման)։ Նիկոլն իր առաջին մարտական մկրտությունն ստանում է թուրք-պարսկական սահմանագլխին գտնվող Դերեկա վանքի կռվում 1894թ. ամռանը։ Դերեկը հայ ֆիղայիների կենտրոնատեղին էր՝ Երկիր անցնելու և զենք ու զինամթերք տեղափոխելու գործում։ Եվ Դերեկում և Բողազ Քյասանում թշնամին պարտվեց։ Վերջին կռվում(1895-ի աշնանը) ֆիդայիները Նիկոլի գլխավորությամբ, խույս տալով թշնամուց, ապաստանում են Բողազ Քյասան գյուղի մարագներում։ Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո քրդերը հրդեհում են մարագները, փոր­ձելով ծխախեղդ անել ֆիդայիներին։ Նիկոլն անսպասելիորեն, մր­րիկի արագությամբ, դուրս է թռչում մարագի դռնից և տապալելով երկու քուրդ ցեղապետների, ջոկատի հետ միասին հեռանում են մո­տակա սարը։ Նիկոլի անհավատալի քաջագործությունից ապշահար լինելով, քրդերը նրան անվանում են Դուման՝ այսինքն մրրիկ, փոթորիկ կամ Ղարա Դուման(սև մրրիկ)։ Դումանի խումբն անարգել հասնում է Վան՝ համալրելով քաղաքի պաշտպանների շարքերը։Նոր մարտական խմբեր և զենք հայթայթելու նպատակով նա մեկնում է Սալմաստ և ապահով հասնում Դերեկ։ Հետապնդելով հայդուկներին թշնամին պաշարում է Դերեկա վանքը։ Ընդհարումների ժամանակ վանքը հրդեհվում է։ Նիկոլ Դումանի խումբը, ճեղքելով պաշարման օղակը, նորից հեռանում է ապահով վայր։

1896թ. հունիսին վանեցիները ֆիդայիների օգնությամբ հաջողությամբ դիմագրավեցին ջարդարարներին, սակայն դեպի Պարսկաստան անցնելիս մոտ մեկ ու կես հազար հայեր Վարագա լեռան շրջակայքում ուխտադրժորեն հարձակման են ենթարկվում թուրքե­րի և քրդերի կողմից: Միայն 30 հոգի կարողացան մազապուրծ անց­նել Պարսկաստան։

Այս դեպքից հետո, քրդական մազրիկ ցեղին պատժելու, ինչպես նաև եվրոպական տերությունների ուշադրությունը հայկական հարցի վրա սևեռելու նպատակով Նիկոլ Դումանը նախաձեռնեց ու կազմակերպեց 1897թ. հուլիսի 25-27-ի Խանասորի հռչակավոր արշավանքը։ Այդ առթիով նա Դաշնակցության վարիչ մարմնին գրել է. «Այդպես չէր լինի, եթե կոտորվելու փոխարեն կռվեինք։ Միթե ժամանակը չէ, վերջապես, որ լուրջ քննության առարկայ դառնայ մեր գործունեության հին եղանակը և ընդունվեր նոր, ավելի նպաստավոր տակտիկա, որի առանցքը լիներ ոչ թե կոտորածը, այլ կռի­վը»:

275 հոգուց կազմված հայդուկների խումբը Շուշեցի Վարդան Մեհրաբյանի (Խանասորի Վարդան) գլխավորությամբ Սալմաստից գաղտնի շարժվելով բարձրանում է պարսկաթուրքական սահ­մանագլխին գտնվող Արաուլ լեռը, որտեղից 1897 թ. հուլիսի 27-ին անակնկալ հարձակում են գործում լեռան ստորոտում փռված Խանասորի դաշտում գտնվող մազրիկ ցեղի վրա և կոտորելով նահանջում։

Լինելով առաջապահ հիսնյակի հրամանատար՝ Նիկոլ Դումանը անմիջականորեն ղեկավարեց և հարձակումը, և կազմակերպ­ված նահանջը։ Դիմելով վրեժխնդրության՝ Դումանը բարձրացրեց հայ հեղափոխականների հեղինակությունը ժողովրդի աչքում, որը Վանի կռիվներից հետո բավականին ընկել էր։ Միաժամանակ այս արշավանքը մեծ ֆիդայուն համոզեց, որ ազատության հասնելու միակ ուղին համահավաք ուժերով ընդհանուր ապստամբության կազմակերպման մեջ է։

1904 թ. Դումանը կազմում է «Փոթորիկ» խումբը և որոշում անց­նել Սասուն՝ օգնելու ապստամբներին, սակայն սահմանագլխին բախվում է թշնամու մեծաքանակ ուժին և հարկադրված նահանջում։

Նիկոլ Դումանը ֆիդայական շարժման ոչ միայն կազմակերպիչ էր, այլև ժողովրդական այդ պայքարի լավագույն գաղափարախոսը։ Նա հայ ազատագրական ոգորումների այն եզակի առաջամարտիկներից է, որ կարողանում էր տեսական իմացությունը հաջողությամբ ներդաշնակել պրակտիկ գործունեության հետ։ 1907թ. Ժնևում հրատարակվում է Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» և «Գործնական և համառոտ հրահանգ­ներ» գրքույկները, որոնց մեջ արծարծված հիմնադրույթներն ու հրահանգները մշակվել են տարիների ընթացքում և հաջողությամբ կիրառվել ազատագրական պայքարի ժամանակ։ Նիկոլ Դումանի հեղինակությունը այնքան մեծ էր, որ բոլոր հայտնի ֆիդայինները՝ Գևորգ Չաուշը, Հրայրը, Անդրանիկը, Ռուբեն Տեր-Մինասյանի վկայությամբ «բոլորն ալ հավասար սիրով պատրաստ էին ենթարկվելու Ղարաբաղի լեռնականի պողպատե կամքին»։

Թվում էր, թե սուլթանին հաջողվեց 1890-ական թթ. զանգվածային կոտորածներով հայերի մեջ մեռցնել ազատաբաղձ ոգին, կաթ­վածահար անել հայ ազգային ազատագրական շարժումներն ու հայ ժողովրդին պարտադրել ստրկական գոյավիճակ։ Սակայն նորից ասպարեզ իջան նոր ազատամարտիկներ, որոնք իրենց հերոսական պայքարի օրինակով սթափեցրին հուսահատության մատնված ժողովրդին։

Հայդուկային պայքարը աշխուժացնելու նպատակով ՀՅԴ որոշմամբ Հայաստանում ստեղծվում է ինքնապաշտպանության գործը կազմակերպող ղեկավար կենտրոն։

Ստանալով ՀՅԴ ղեկավար կենտրոնի հրահանգը շուշեցիներ Թորգոմը(Թուման Թումյան) և Մենակը(Եգոր Առուստամյան) ձեռնամուխ եղան նոր մարդկանց հավաքագրման, նոր մարտական խմբերի կազմավորման գործին։

1903թ. վերջերին Կովկասից Սասուն էր հասել Թորգոմի 27 հոգուց բաղկացած խումբը։ 1904թ. հունիսի 26-ին ռուս-թուրքական սահմանը անցնում է հնչակյանների «Արծիվ» հայդուկային խումբը։ Նրանք իրենց քաջագործությամբ ոգևորում էին տեղացիներին։ 1904թ.նորից մահացու վտանգ է կախվում Սասունի հայության գլխին։ Թորգոմը վերադառնալով Ղարաբաղ կամավորական մի ջո­կատ է կազմում՝ «Մրրիկ» անունով։ Խմբի մեջ էին Սասունի վերջին ապստամբության խմբապետներ Ֆարհատը, Մուրադը, Սեպուհը, Որսորդը, Գևորգը, Առաքելը։

«Մրրիկի» հաղթական մուտքը Սասուն, ցնցություն և ոգևորոթյուն է առաջացնում տեղի և մյուս վայրերի հայության շրջանում։ Սասունցիները ջերմ ընդունելություն են կազմակերպում նրա պատվին։ «Մրրիկի» մուտքը Սասուն ողջունում է նաև մեծ զորավար Անդ­րանիկը։ Եվ տարիներ հետո նա իր հուշերում գրելու էր. «Լուր եկավ ինձի, թե 20 հոգիէ բաղկացեալ ձիավոր խումբ մը եկավ Սեմալ։ Ելանք գացինք Սեմալ, տեսնվեցանք Թումանի հետ, նրանց մեջ կային իմ նախկին ընկերներս…»։

Թորգոմը Սասունում զբաղվում է կազմակերպչի, պրոպագանդիստի ու թղթակցի աշխատանքներով։ Շուտով ՀՅԴ ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Կովկաս են մեկնում Թորգոմը և Կայծակը։ Թուրքական ճնշումներին դիմակայելու նպատակով ժողովը որոշեց Թորգոմին նորից վերադարձնել Սասուն։ 1904թ. հուլի­սի 28-ին 61 հոգանոց «Որսկան» խումբը Օլթիով գնում էր Երկիր՝ օգնելու արևմտահայ եղբայրներին։ Սահմանում նրանք բախվեցին զինված մեծաքանակ թուրքերի և քրդերի հետ։ Խումբը բաժանեցին երկու մասի, մի մասը ղեկավարում էր Թորգոմը, մյուսը՝ Որսորդը։

Թիկունքից հարվածում են ցարական սահմանապահները՝ սևհարյուրյակային գնդապետ Բրիկովի հրամանով։ Ֆիդայիների մեծ մասը, այդ թվում նաև Թորգոմը զոհվում են, մի մասն էլ վիրավոր գերի ընկնում։ Բրիկովի հրամանով բոլոր հայ գերիները սվինահարվում են թուրքերի ներկայությամբ։ Հետագայում ֆիդայի Հմայակ Ջանփոլադյանը գնդակահարեց գնդապետ Բրիկովին։

Արևմտյան Հայաստանի թուրքական լծից ազատագրելու գործին անմնացորդ նվիրվեցին նաև արցախահայ ֆիդայիներ և գոր­ծիչներ Գաբրիել Կաֆյանը, Բարսեղ Զաքարյանը, Մարտիկ Սարուխանյանը, Նիկոլ Միքայելյանը, Մարգար Ժամհարյանը, Սար­գիս Հովհաննիսյանը, Արամ Մանուկյանը, Միքայել Հովհաննիսյանը(Մ.Վարանդյան), Լևոն Աթաբեկանը, Բախշի Իշխանյանը, Իսահակ Դանիելբեկյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Սիմոն Նարինյանը, Դ.Տեր-Դանիելյանը(Դ.Անանուն), Սիսակ Տեր-Դանիելյանը (Արամայիս) և ուրիշներ։

Հայ ազատագրական շարժումների պատմության մեջ սուլթանական բռնատիրուրյան դեմ հայդուկային կռիվները և ապստամբական բռնկումները, ինքնապաշտպանական մարտերը, թեև չհանգեցրին ժողովրդի ազատագրությանը օսմանյան լծից, բայց և այնպես՝ հայությունը համոզվեց, որ առանց այդ պայքարի և ոչ մի ժողովուրդ չի հասել իր ազատությանը։ Այդ պայքարը թույլ չտվեց, որ հայերի իրավազուրկ վիճակը հանգեցնի ստրկամիտ հնազանդության, և ժողովրդի մեջ միշտ վառ պահեց ազատաբաղձ ոգին։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s